Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ «Չորս դաշնամուր` մեկ բեմում» խորագիրը կրող համերգով: Ծրագրում` Բախ, Ռավել, Պուլենկ, Բիզե («Կարմեն»), Արամ Խաչատրյան («Սուսերով պար»): ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ ելույթ ունեցան դաշնակահարներ Գլորիա Կամպաները` Իտալիայից, Տրիստան Պֆաֆֆը` Ֆրանսիայից, Ֆրանսուա-Գզավիե Պոազան` Շվեյցարիայից: «Չորս դաշնամուր` մեկ բեմում» նախագիծը առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է մեկուկես տարի առաջ` ունենալով աննախադեպ հաջողություն: Ժնևի «Puplinge Classique» միջազգային փառատոնում Վահան Մարտիրոսյանը, ի թիվս չորս դաշնակահարների, կատարել է Բախի դաշնամուրային կոնցերտը, որից հետո միտք է ծագել «Չորս դաշնամուր» ձևաչափը ներկայացնելու Հայաստանում: Նախագծի անդրանիկ համերգին մասնակցել է նաև Ֆրանսուա-Գզավիե Պոազան, ով, ի դեպ, «Puplinge Classique» փառատոնի հիմնադիրն է: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ չեն ուզում ամեն անգամ նույն կազմով հանդես գալ, հայ երաժշտասերներին հնարավորություն են ընձեռում այս համերգի շրջանակում ծանոթանալու երկու նոր երաժշտի` Գլորիա Կամպաներին և Տրիստան Պֆաֆֆին, միաժամանակ երաժիշտները ճանաչում են Հայաստանն ու հայ մշակույթը: Նախագիծը, ըստ ամենայնի, ավանդական է դառնալու:
Ինչո՞ւ չորս դաշնամուր: Ինչո՞վ է առանձնանում համերգային այս ձևաչափը:
«Դժվար է բեմի վրա ունենալ միաժամանակ չորս դաշնամուր: Դժվար է նաև կազմակերպել չորս դաշնակահարի հանդիպումը նույն օրը նույն տեղում»,- ասաց Վահան Մարտիրոսյանը, նշելով, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահը լիովին համապատասխանում է համերգի պահանջներին, ունի մեծ բեմ, չորս դաշնամուր: Նրա խոսքով` այս նախագիծը շատ տարածված չէ, բայց չի կարելի ասել, թե նորություն է: Այն գոյություն ունի Բախի ժամանակներից: Դեռևս 300 տարի առաջ Բախը գրել է իր չորսդաշնամուրային կոնցերտը: Մորիս Ռավելի «Բոլերոն» գրվել է սիմֆոնիկ նվագախմբի համար (1928 թ.), 50-ականներին վերածել են չորսդաշնամուրային պիեսի: Փոխակերպումներ են արվել նաև Բիզեի «Կարմեն» օպերայից:
«Այսինքն, հետաքրքրությունը միշտ էլ եղել է, բայց կոմպոզիտորները քիչ են գրել: Ինչո՞ւ, որովհետև երբ կոմպոզիտորը գրում է մի ստեղծագործություն, ուզում է, որ այն հաճախ կատարվի: Իսկ չորսդաշնամուրային գործը առնվազն տասը տարին մեկ է ներկայացվում»,- ընդգծեց նվագախմբի ղեկավարը: Անդրադառնալով «Ժամանակակից երաժիշտներն ընդգրկվո՞ւմ են այս ծրագրերում» հարցին` ասաց, որ նրանք նույնպես գրում են ավելի շատ երկդաշնամուրային գործեր: Եթե առաջարկեն իրենց ստեղծագործությունները, ուրախությամբ կներառեն ծրագրում, բայց նման առաջարկ երբևէ չի եղել:
Ինչպե՞ս են չորս դաշնակահարները համաձայնության գալիս երաժշտության ընտրության հարցում: Պարզվում է` շատ հեշտ է: «Որոշում եմ ես, նրանք համաձայնում են կամ ոչ,- ասաց Վահան Մարտիրոսյանը:- Եթե չեն համաձայնում, ընտրում եմ մեկ այլ դաշնակահարի: Հաջողվել է կազմել խումբ, որտեղ չորս դաշնակահարներն էլ ընկերներ են, ժպիտով ենք աշխատում իրար հետ, մրցակցություն չկա: Ինչպես որ հաճելի է առօրյա կյանքում իրար հանդիպելը, զրուցելը, նույնպես հաճելի է բեմում միասին երաժշտություն նվագելը: Երաժշտի համար կարևոր է ոչ միայն բեմում, այլև մինչ բեմ դուրս գալն ու դրանից հետո անցկացրած ժամանակը: Անհնար է բառերով նկարագրել, թե ինչպես են անցնում փորձերը: Տեսեք, երաժիշտները նույն տարիներին սովորում են կոնսերվատորիայում` միևնույն կամ տարբեր կուրսերում, հետո ավարտում են, ու ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Ինչպես Դյումայի վեպում` քսան տարի անց հանդիպում են ու արկածները վերսկսում: Մի համերգի շրջանակում հանդիպելը այդպիսի յուրօրինակ, հաճելի փաստ է»:
Երկու խոսք հրավիրյալ երաժիշտների մասին:
ՖՐԱՆՍՈՒԱ-ԳԶԱՎԻԵ ՊՈԱԶԱՆ մասնակցել է տարբեր միջազգային փառատոների Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ռումինիայում, Լիտվայում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում: Թողարկել է երեք ձայնասկավառակ: Դասական երաժշտությունից բացի, նվագում է նաև ջազ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ Ժնևում մեծ թվով հայեր կան: «Շատ երաժիշտներ հիմա նախանձում են, որ ես այստեղ եմ, իրենք` ոչ: Անհամբերությամբ սպասել եմ այս համերգին»:
«Puplinge Classique» փառատոնի մասին խոսելիս` ասաց, որ 20 տարեկանում է հիմնել այն` 2010-ին: 2013-ից մի հայ կնոջ առաջարկով հրավիրել է նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբին: «Ես արդեն չեմ կարող պատկերացնել մեր փառատոնն առանց այս նվագախմբի: Փառատոնն առանձնանում է երիտասարդական կազմով, թարմ շնչով: Կազմակերպիչները 30 տարեկան չկան: Մեր համագործակցությունը միայն թղթի վրա չէ, մտերիմ ու հարազատ ենք նաև կյանքում»:
«Չորս դաշնամուր» համերգի երրորդ դաշնակահար՝ ՏՐԻՍՏԱՆ ՊՖԱՖՖԸ Ֆրանսիայից է: Առաջին համագործակցությունը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ եղել է 2014-ին` Երևանում: Դաշնակահարն ասաց, որ անհամբերությամբ էր սպասում իր երկրորդ այցին: Շատ է սիրում մեր երկիրը: Կամերային նվագախումբը համարում է կախարդական:
Տրիստան Պֆաֆֆը տարեցտարի դառնում է ավելի ճանաչված երաժշտասեր հասարակության շրջանում: Առանձնանում է իր յուրահատուկ և վիրտուոզ կատարումներով: Որպես մենակատար ելույթ է ունենում հեղինակավոր նվագախմբերի հետ: Լիստին և Շուբերտին նվիրված նրա ալբոմները (2011 և 2013-ին) ունեցել են աննախադեպ հաջողություն: 2015-ին թողարկել է երրորդ ալբոմը:
ԳԼՈՐԻԱ ԿԱՄՊԱՆԵՐՆ առաջին անգամ է Հայաստանում, սա նաև նրա առաջին համագործակցությունն է կամերային նվագախմբի հետ: ՈՒնի հայ երաժիշտ ընկերներ, շատ լավ բաներ է լսել Հայաստանի մասին և միշտ ցանկացել է գալ Հայաստան: Նախագծի միակ կին մասնակիցը` խոսելով բեմական պահվածքի մասին, ասաց, որ երաժշտությունը վարպետորեն ներկայացնելը շատ կարևոր է, բայց երբ հանդիսատեսը գնում է երեկոյի, ուզում է նաև տեսնել ինչ-որ բան: Հակառակ դեպքում կնստի տանը ու ձայնագրություն կլսի. «Ակրոբատիկայով զբաղվել պետք չէ, բայց ցանկալի է ներկայանալի լինել: Ամեն համերգի ժամանակ դիզայներները հագուստ են տրամադրում, որ ներկայացնեմ: Երաժշտական վարպետությունը ցույց տալուց զատ, որպես կին, ինձ համար հաճելի է նաև գեղեցիկ լինելը բեմում»: Գլորիա Կամպաները համարվում է Իտալիայի նոր սերնդի առավել հետաքրքիր երիտասարդ դաշնակահարներից մեկը: Ավելի քան 20 ազգային և միջազգային դաշնամուրային մրցույթների մրցանակակիր է: Գլորիան հայտնի է դարձել նաև իր կատարման նորարարական մոտեցումներով: Համագործակցում է հայտնի դասական, ջազային, ինչպես նաև բալետի ու ժամանակակից պարողների հետ: Մասնակցել է մեծ թվով միջազգային փառատոների: Որպես մենակատար հանդես է եկել հեղինակավոր նվագախմբերի հետ: 2009-ին «Piano, Reflet de la Culture Europee՛enne» ծրագրի շրջանակներում Գլորիան ճանաչվել է եվրոպական մշակույթի դեսպան:
Նրա առաջին ձայնասկավառակը (2013 թ.) ընդգրկում է Շումանի և Ռախմանինովի ստեղծագործությունները:
Չորս երաժիշտները շարունակում են իրենց համերգային շրջագայությունը:
«Ես, Տրիստանը, Ֆրանսուան մեկնելու ենք հենց համերգի գիշերը` Ֆրանսիա, Շվեյցարիա: Գլորիան մեկ օր մնալու է ու մեկնելու է աշխարհի հայտնի չէ որ ծայրը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Հավելենք, որ կամերային նվագախմբի հաջորդ համերգը ապրիլի 2-ին է` իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի մասնակցությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՀՊԿՆ-ի ֆեյսբուքյան էջից